Սեպտեմբերի 16-ին Երևանում զինվորական շքերթի փորձ էր՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Շքերթը սեպտեմբերի 21-ին է: Փորձը չափազանց հետաքրքիր էր: Անցորդներին հաջողվեց տեսանկարել ու լուսանկարել ցնցող նորություններ, որ զինված ուժերը վերջերս են ձեռք բերել: Այդ զինտեխնիկայի մեծ մասը Ռուսաստանն է տվել վերջին մի քանի ամիսներին 200 միլիոն դոլար արտոնյալ վարկի շրջանակներում: Ի՞նչ է ստացել Հայաստանը, և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա:
Հայաստանը առաջին երկիրն է աշխարհում, որ ստացել է «Իսկանդեր»
Գլխավոր իրադարձությունը՝ շքերթի փորձին մասնակցում էին ռուսական առավել կատարյալ օպերատիվ տեխնիկական հրթիռային համակարգերը՝ «Իսկանդերը»: Տեղեկությունը, որ Հայաստանը կարող է «Իսկանդեր» ունենալ, առաջինը տարածել է 2013-ին REGNUM-ը, այն ժամանակ խոսքը Գյումրու 102-րդ ռազմաբազային մատակարարումների մասին էր: Բայց հետո իրադարձությունները այլ սցենարով զարգացան՝ հրթիռները ձեռք բերեց Հայաստանը, պայմանագիրը ստորագրվեց 2014-ին, մատակարարումները սկսվեցին 2015-ին: Այսինքն՝ գործարքը կապ չունի արտոնյալ վարկի հետ: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ում Ռուսաստանը համաձայնեց վաճառել «Իսկանդեր». Սաուդյան Արաբիան մի քանի տարի փորձում է այդ հրթիռային համակարգերը գնել, սակայն քանիցս հայտարարվել է, որ այդ համակարգերը արտահանման համար չեն: Այս դեպքում մերձավոր դաշնակցի համար բացառություն է արվել: Մատակարարված համակարգը, ամենայն հավանականությամբ, արտահանման կոնֆիգուրացիայի համապատասխան է հավաքվել՝ հարվածի առավելագույն հեռավորությունը 500 կիլոմետրից իջեցվել է 280-300-ի, քանի որ 300 կիլոմետրից հեռու թռչող հրթիռների արտահանումը արգելված է միջազգային պայմանագրերով: Այնուհանդերձ, Հայաստանի համար 300 կիլոմետր հեռահարությունը լիովին բավարար է խոցելու ցանկացած նպատակակետ գլխավոր հավանական թշնամու՝ Ադրբեջանի տարածքում: Բարձրագույն ճշգրտությունը (շրջանաձև հավանական շեղումը 10-30 մետր է՝ կախված տեղորոշման համակարգից) և լիակատար պաշտպանվածությունը հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերից երաշխավորում է ցանկացած նպատակի ոչնչացում: Այդպիսի հնարավորությունը հայկական կողմի համար դամոկլյան սուր է Ադրբեջանի ղեկավարության գլխին՝ լայնամասշտաբ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է հանգեցնել առանցքային շտաբների ոչնչացման, հնարավոր է՝ կարևորագույն ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթագազային:
Ընդ որում՝ երկրի ցանկացած կետում: Ադրբեջանի բանակի բարձրագույն ղեկավարությունը ևս չի կարող իրեն անվտանգ զգալ: Այս իմաստով Հայաստանին «Իսկանդերի» մատակարարումը խաղաղապահ առաքելություն ունի՝ խիստ նվազեցնում է պատերազմի վերսկսման հավանականությունը:
Արտոնյալ վարկի շրջանակներում պայմանագրերը նկատելի փոխվել են
Հայտնի է, որ 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկի շրջանակներում ռազմական պայմանագրերը ստորագրվել են այս ամռանը: Նախապես տարածված ցանկի համեմատությամբ՝ շքերթի փորձի ժամանակ մենք փոփոխություններ տեսանք: Ցանկին համապատասխանող տեխնիկայից ցուցադրվեց միայն ծանր հրանոթային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգը: Անակնկալ էին ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգերը և Р-325У-ները, որ ցուցակում չեն եղել: Տեխնիկայի որոշ մասը կամ դեռ չեն հասցրել մատակարարել, կամ կցուցադրվի շքերթի ժամանակ՝ երկու դատարկ թրթուրավոր քարշակները կարող են նշանակել, որ այնտեղ տեղադրվելու են ТОС-1А «Солнцепек» ռեակտիվ համակարգեր՝ Т-72 տանկի վրա: Հնարավոր է հայտնվի և «Автобаза-М» պասիվ ռադիոտեխնիկական հետախուզության համակարգը: Հայաստանին «Սմերչի»-ի մատակարարումը կարևոր է ծանր զինտեխնիկայի առումով տարածաշրջանային հավասարակշռության վերականգնման համար: Առաջ Ադրբեջանը նկատելի գերազանցություն ուներ՝ Երևանն ուներ 4−8 չինական РСЗО WM-80, Բաքուն՝ 30 «Սմերչ»: Այդպիսի իրավիճակը սպառնալիք էր Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքացիական ենթակառույցների և բնակավայրերի համար: Հիմա խզումը նկատելիորեն կրճատվել է, որ Ադրբեջանի ագրեսիայի զսպման ևս մեկ գործոն է:
РЭБ «Ինֆաունա»-ները այս դասի առավել ժամանակակից ու կատարյալ համակարգերն են Ռուսաստանում, որ զինված ուժերը ստացել են 2012-ին: БТР-80-ի վրա տեղակայվող այդ համակարգերը լայն գործառնություն ունեն՝ պայքար անօդաչու թռչող սարքերի դեմ, հակառակորդի կապի համակարգերի բացահայտում և ճնշում, ռադիոպայթուցիկների շարքից դուրս բերում: «Ինֆաունան» ունի բազմաթիվ զգայուն տեսախցիկներ, որ թույլ են տալիս գրանցել ձեռքի հակատանկային հրանոթների և հակատանկային հրթիռային համակարգերի կրակոցի բռնկումները և ավտոմատ նրանց ուղղությամբ ծխածածկույթ նետել՝ պաշտպանելով տեխնիկան և ուղղությունը, որով շարժվում է: Р-325У համակարգերն ապահովում են օպերատիվ-տեխնիկական ռադիոկապը և կառավարումը: Այսպիսի բարձր տեխնոլոգիական սպառազինությունը կարող է էականորեն խախտել հակառակորդի ուժերի կոորդինացիան՝ առաջապահ զորամիավորումները առանց կապի թողնելով:
«Բուկ» զենիթահրթիռային համակարգերը Հայաստանին տրվել են Ռուսաստանի հետ միացյալ ՀОՊ-ի շրջանակներո՞ւմ
Հայկական բանակի ևս մեկ նորություն են «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը: Դատելով լուսանկարներից՝ մատակարարված է կամ առավել կատարյալ «Բուկ-М2» մոդիֆիկացիան, կամ մի քիչ հին «Բուկ-М1-2»-ը: Երկու համակարգերն էլ կարող են կռվել օդային նպատակակետերի դեմ մինչև 45 կիլոմետր հեռավորության և 25 կիլոմետր բարձրության վրա, նախատեսված են զորքերը պաշտպանելու համար, թրթուրային պլատֆորմը թույլ է տալիս օգտագործել զինտեխնիկայի շարասյան մեջ: Այս համակարգը կուժեղացնի Հայաստանի առանց այդ էլ ամուր ՀՕՊ-ը, որ ունի նվազագույնը 5 զենիթահրթիռային համակարգեր՝ գործողության մեծ տրամաչափով՝ С-300ПТ-1 և С-300ПС: Ավիացիայի օգտագործումը ադրբեջանաղարաբաղյան կոնֆլիկտի գոտում առաջ էլ գործնականում անհնար էր (որ ցույց տվեց ապրիլյան 4-օրյա պատերազմը), հիմա այդ իրավիճակը միայն խորացել է: Եթե Հայաստանի ՀՕՊ-ը շարունակի համալրվել, անգամ թուրքական ավիացիայի գործը շատ կդժվարանա: Լիովին հավանական է, որ որոշ թվով «Բուկ»-եր Հայաստանին փոխանցվել է ՌԴ-ի հետ միացյալ ՀՕՊ-ի պայմանագրի շրջանակներում, որը վերջերս է ուժի մեջ մտել: Նախադեպեր եղել են՝ Ռուսաստանը զենիթահրթիռային համակարգերն անվճար տրամադրել է Բելառուսին և Ղազախստանին:
Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆ, REGNUM
Հ.Գ. Ինչ սքանչելի տեղեկություններ են, չէ՞, իսկական անկախության ծննդյան օրվա նվեր՝ շքեղ ու ազդեցիկ: Բայց, մեկ է, հարցեր են հարուցում՝ նույնքան շքեղ ու ազդեցիկ.
1. Ո՞վ է պատվիրում նման հրապարակումները և ի՞նչ նպատակով, ո՞վ է լուսանկարում, ո՞վ է տեսանկարում ռազմական շքերթի փորձերը: Ինչո՞ւ:
2. Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Կազմելով հիբրիդային պատերազմի կարևորագույն՝ տեղեկատվական պատերազմի մաս, ունե՞ն հավաստիության այն մակարդակը, որ կարող են զսպիչ գործոն դառնալ:
3. Ի՞նչ նպատակով է Ռուսաստանը միակողմանի խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Ադրբեջանին հարձակողական գերժամանակակից տեխնիկայով առավելագույնս զինելու նպատակը «բիզնե՞սն» էր, թե՞ Բաքվին Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծման բանալի տալը, որը չաշխատեց և Մոսկվան հիմա ստիպված է վերականգնել հավասարակշռությունը՝ կորցնելով Բաքվի վրա ազդեցության լծակները:
4. Ի՞նչ երաշխիք, որ թվարկված զինտեխնիկայից, որ իբր խաղաղապահ առաքելություն ունի, Ռուսաստանը չի վաճառելու Բաքվին՝ նրան համարելով ԵԱՏՄ անդամության թեկնածու կամ որևէ այլ պատրվակով: Փայլուն խայծ է՝ անդամակցեք ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, կստանաք անվճար զինտեխնիկա: Որքա՞ն կարելի է Հայաստանին «զսպել» Թուրքիայի գործոնով: Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի տարածքում նման զինտեխնիկայի կուտակումը սպասարկում է հենց Հայաստանի, այլ ոչ մատակարար Ռուսաստանի տարածաշրջանային ռազմական շահերը:
5. Եթե զենքը գնվում է վարկով, ինչո՞ւ այլ երկրից չի գնվում՝ դիվերսիֆիկացնելով զինատեսակներն ու ազատվելով ՌԴ-ի պարտադրած «ուժերի հավասարակշռությունից», հետևաբար Ղարաբաղում պատերազմ հրահրելու ու կասեցնելու սեփական շահի սպասարկման հնարավորությունները կրճատելով:
6. Ե՞րբ է ստորագրվելու ԼՂՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը: Հայաստանի զինվածությունը ենթադրում է, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի՞ վրա, իսկ Լեռնային Ղարաբա՞ղը:
7. Հիմա ո՞ւմ ձեռքին է դամոկլյան սուրը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ